Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռաիսին և Թայիփ Էրդողանը որոշում են կայացրել սիրիական թեմատիկայի սահմաններից դուրս ընդլայնել փոխգործակցության եռակողմ ձևաչափը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին ասվում է ղեկավարների համատեղ հայտարարության մեջ՝ ամփոփելով Թեհրանում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները: «Ի լրումն սիրիական հարցի՝ նրանք (առաջնորդները) հաստատել են տարբեր ոլորտներում եռակողմ համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը՝ համատեղ քաղաքական և տնտեսական համագործակցությանը նպաստելու նպատակով», – ասված է փաստաթղթում:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները մերժել են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները և կոչ են արել միջազգային հանրությանը ուժեղացնել օգնությունը Սիրիայի ժողովրդին: Միակողմանի պատժամիջոցների հետ մեկտեղ առաջնորդները մերժել են ցանկացած խտրական միջոցներ, որոնք ուղղված են Սիրիայի դեմ, «որոնք անջատողական պլաններին աջակցելու միջոցով կարող են հանգեցնել այդ երկրի փլուզմանը»:
Պուտինը, Ռաիսին և Էրդողանը հայտարարել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում։ «Եռյակը» կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ և աջակցությամբ։ Նախագահներն ընդգծել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ասված է համատեղ հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն, երեք երկրների առաջնորդները քննադատել են ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը Սիրիայում, այդ թվում հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, ասված է հայտարարության մեջ:
«Մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով «երկրի վրա» նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ ինքնակառավարմանն ուղղված անօրինական նախաձեռնությունները, և իրենց վճռականությունն են հայտնել դիմակայելու անջատողական պլաններին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և հարևան երկրների ազգային անվտանգությանը սպառնացող, ներառյալ անդրսահմանային հարձակումները և ներթափանցումը», – գործակալությունը մեջբերել է հայտարարությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հաջորդ եռակողմ գագաթաժողովը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: