Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը մարտահրավեր է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ լուսանկարներում։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին նա հայտարարել է շաբաթ Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Նշվում է, որ լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել լուսանկարը, որում պատկերված են երեք նախագահները:
«Այն, որ այդ լուսանկարում թուրք նախագահը կա, մարտահրավեր է», – ասել է նա: Նրա խոսքով՝ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր դերակատար է ուկրաինական հակամարտության ֆոնին։ «Այդ պատճառով ինձ համար այդ լուսանկարն անհասկանալի է հենց ՆԱՏՕ – ի անդամի տեսանկյունից», – գործակալությունը մեջբերում է Գերմանիայի ԱԳ նախարարին: