Ցուցարարները ներխուժել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող խորհրդարանի շենք, հաղորդում է Shafaq գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները կարողացել են ներթափանցել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի»: Ցուցարարները դեմ են երկրի վարչապետի պաշտոնում Մուհամադ աս Սուդանի թեկնածության առաջադրմանը։
Իրաքի ներկայիս վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ հեռանալ խորհրդարանի շենքից:
Հատուկ պահպանվող «Կանաչ գոտում» տեղակայված են կառավարական հիմնարկներն ու դեսպանատները, ինչպես նաև միջազգային օդանավակայանը, որին հարում է ռազմական օդանավակայանը:
Իրաքում քաղաքական ճգնաժամն սկսվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երկրի քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան նոր կառավարություն ձևավորել։ Մայիսին Իրաքի խորհրդարանից դուրս եկավ խոշորագույն բլոկը, որը ղեկավարում էր ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրը: