Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոստովանել է, որ այլևս չի կարողանա ակտիվ հովվական այցեր կատարել և չի բացառել գործերից հեռանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իսպանական NNTV հեռուստառադիոընկերությանը:
«Ես չեմ կարծում, որ կկարողանամ շարունակել ճամփորդել նախկին ռիթմով»- իսպանական NNTV հեռուստառադիոընկերությունը մեջբերել է նրա խոսքերը, որոնք ասվել են Կանադայից ուղևորվող ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ տարիքում և այդ սահմանափակմամբ (Հռոմի Պապի մոտ արդեն երկար ժամանակ ծնկի հետ կապված խնդիր է նկատվում, ինչի պատճառով նա ստիպված է լինում տեղաշարժվել սայլակով) ես պետք է ուժ գտնեմ, որպեսզի մի փոքր էլ ծառայեմ եկեղեցուն»,-ասել է նա՝ չբացառելով, որ կարող է հեռանալ:
Հռոմի պապը բացատրել է, որ չի ցանկանում ծնկի վիրահատություն անել, թեև բժիշկները նրան առաջարկել են:
«Անզգայացումը խաղալիք չէ, այդ պատճառով ես կարծում եմ, որ վիրահատությունն ինձ չի համապատասխանում»,-ասել է նա:
Անցյալ տարվա հուլիսին աղիների վիրահատությունից հետո Ֆրանցիսկոսի մոտ անզգայացմամբ պայմանավորված բարդություններ են առաջացել։