ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերի կարծիքով՝ «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հետապնդումների է ենթարկվել ռազմական հանցագործությունների, կտտանքների և կոռուպցիայի բացահայտման համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
«WikiLeaks» կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով փաստերը վկայում են քաղաքական հետապնդման և իրավական կամայականության մասին: Նման եզրակացության է հանգել խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:
«Ուսումնասիրելով Ասանժի գործը՝ ես գտել եմ քաղաքական հետապնդման, իրավաբանական կամայականության, կտտանքների և դիտավորյալ կոշտ վերաբերմունքի անհերքելի ապացույցներ»,-ֆրանսիական Le Monde diplomatique հանդեսի օգոստոսյան համարում տեղեկացրել է Մելցերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրիտանիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Լոնդոնի դատարանը վճռել էր, որ WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնումն անօրինական կլինի, քանի որ Ասանժը, որը տառապում է աուտիզմով և կլինիկական ընկճախտով, պատրաստ է ինքնասպանություն գործել և կիրականացնի իր ծրագիրը, եթե հայտնվի ԱՄՆ բանտում։ Դա հիմք է հանդիսացել Ասանժին ԱՄՆ արտահանձնումից հրաժարվելու համար, որտեղ նրա դեմ հարուցվել է 18 քրեական մեղադրանք, սակայն այս որոշումը հաջողությամբ վիճարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։