Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները գնալով ավելի թույլ խաղացողներ են դառնում միջազգային ասպարեզում՝ տեղը զիջելով Ասիայի պետություններին: Համապատասխան հայտարարությունը նա արել է Asia Times-ի հետ զրույցում։
Նախկին նախարարի խոսքով՝ Եվրոպան սկսում է ավելի ու ավելի քիչ նշանակալի դեր խաղալ աշխարհում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ժողովրդագրական տեսանկյունից։
«Այժմ ես աշխատում եմ «Ռեքվիեմ Եվրոպայում» նախնական անվանումով գրքի վրա, քանի որ աշխարհի այն հատվածը, որտեղ ես մեծացել եմ և որին ես նվիրված եմ եղել, այլևս գոյություն չունի»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը նաև խոսել է ռուս-եվրոպական հարաբերությունների և դրանց հեռանկարների մասին: Կնայսլի կարծիքով՝ Եվրամիության առաջնորդները տգիտության և ամբարտավանության պատճառով անտեսում են գոյություն ունեցող աշխարհաքաղաքական դասավորությունը և դիվանագիտության հիմնարար սկզբունքները, ինչն իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում: Նրա կարծիքով՝ դա կապված է խոր արմատավորված եվրակենտրոնի հետ։
«Մենք հավատում ենք, որ այնքան մեծ ենք, որ ոչ ոք չի կարող առանց մեզ ինչ-որ բան անել։ «…» Ինձ թվում է, որ Եվրոպան Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը Եվրոպայի։ Եվ եթե ես ճիշտ եմ, ապա արդյոք հին աշխարհի շահերից է բխում Մոսկվային որպես թշնամի վերաբերվել՝ նրան թեքելով Պեկինի կողմը»,- շարունակել է Կնայսլը։
Նա նաև նշել է, որ եվրոպացիներն ավելի ու ավելի են հիասթափվում և հուսահատվում, ինչը կարող է զանգվածային հուզումների և հակակառավարական ելույթների հիմք դառնալ: Բացի այդ, քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ում առաջացած ճգնաժամը անարդյունավետ ներքին կառավարման արդյունք է:
Ավելի վաղ The Wall Street Journal-ի մեկնաբան Ջինջու Լին իր հոդվածում գրել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական ճակատը փլուզվում է վառելիքի ճգնաժամի և գազի բարձր գների պատճառով: