Լիբանանի հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն կիրակի օրը Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհից հետո մի քանի աշտարակների փլուզման մասին է հայտարարել:
«Փլուզվել է երկու կամ երեք աշտարակ, և հավանական է, որ փլուզման գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին։Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Մայրաքաղաքի մթնոլորտում թունավոր և առողջության համար վտանգավոր նյութերի արտանետումներ չեն արձանագրվել, ուստի խուճապի ոչ մի հիմք չկա»,- գրել է նա Twitter-ում:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ «ժամանակին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նավահանգստի աշխատակիցների շրջանում զոհեր և տուժածներ չկան»: Ավելի վաղ իշխանություններն արգելել էին մոտենալ բետոնե կառույցի հյուսիսային հատվածին՝ հաշվի առնելով դրա փլուզման վտանգը: Բոլոր աշխատակիցներին ու թիկնապահներին հրահանգվել է կառույցից ոչ պակաս, քան 100-150 մետր հեռավորության վրա մնալ։