Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը Կոսովոյի սերբերի դեմ գործողություն է նախապատրաստում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է rbc.ru-ն։
Վուչիչի խոսքով՝ Սերբիան դեռևս երբեք չի եղել ավելի բարդ և ծանր իրավիճակում, քան այսօր: «Պրիշտինյան ռեժիմը փորձում է, իրեն զոհ ներկայացնելով, օգտագործել տրամադրություններն աշխարհում», — ասել է Վուչիչը։
Նա հստակեցրել է, որ Կոսովոյի իշխանությունները կփակեն Սերբիայում տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը և կպահանջեն, որ նրանք մեքենաները վերագրանցեն Կոսովոյի համարներով:
«Նրանք նախապես իրենց ստորաբաժանումներն ուղարկել են վարչական անցումային կետեր՝ նպատակ ունենալով կանգնեցնել բոլոր նրանց, ովքեր սերբական փաստաթղթեր ունեն», — հայտարարել է Վուչիչը:
Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին, որ հաջորդ շաբաթվանից Սերբիայի քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Հանրապետության տարածք, կստանան սահմանը հատելու մասին ժամանակավոր փաստաթուղթ, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն անվավեր: Պրիշտինայում հայտարարել են, որ այդ որոշումը Բելգրադի գործողությունների պատասխանն է, որը չի ճանաչում Կոսովոյի կողմից տրված վկայականները: