ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմության մերժմանը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«33 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Աբդուլլա Շահիդը սխալվեց, որ ջնջեց իր գրառումը՝ ենթարկվելով Թուրքիայի ճնշմանը»,- գրել է Փալոնը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Շահիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Շահիդի որոշումը՝ այցելել հուշահամալիր։ Նրանք սա որակել են քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունների «խեղաթյուրում» և կոչ արել «1915 թվականի իրադարձությունների համապարփակ, արդար և ազնիվ վերանայում»։
Հուշահամալիր այցելելուց հետո Շահիդը գրել է նաև Հայոց ցեղասպանության մասին։ Իր թվիթում նա նշել է, որ մասնակցել է հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուն, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին շնորհակալություն է հայտնել թանգարանում շրջայցի համար։ Սակայն Շահիդը մի քանի ժամ անց ջնջել է գրառումը։