Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ մեկնաբանելով ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը, կտրականապես հերքել է Հայաստանի որևէ ներգրավվածություն՝ ՊԱՍՕԿ-ի նախագահ՝ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում։
«Դա անամոթ սուտ է։ Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»,-նշել է դեսպանը։
Ավելի վաղ Հունաստանի հետախուզական ծառայության (EYP) տնօրեն Պանայոտիս Կոնտոլեոնը նշել էր, որ լրագրող Տանասիս Կուկակիսի հեռախոսի գաղտնալսումը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության պահանջով:
Աթենքի «Կատիմերինի» թերթի տվյալներով, որը հղում էր անում կառավարական աղբյուրներին, այն երկրները, որոնք Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ հարցում են ներկայացրել, Հայաստանն ու Ուկրաինան են:
Այն մասին, որ գաղտնալսումը կատարվել է Հայաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների պահանջով, հունական ԶԼՄ-ները հայտնել են անցած շաբաթ: