ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները։ Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։
Նախորդ շաբաթ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել՝ դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության մասին փաստաթղթերի վավերացման մասին: Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան՝ վավերացման ընթացակարգը կատարում է երկրի նախագահը, Սենատը դրան համաձայնություն է տալիս: Բայդենն ավելի վաղ ողջունել էր Կոնգրեսի վերին պալատում քվեարկության արդյունքները:
Մայիսի 18-ին Ստոկհոլմն ու Հելսինկին հայտ են ներկայացրել դաշինքի կազմում ընդգրկվելու համար, աակայն անդամակցության գործընթացն անմիջապես արգելափակել է Թուրքիան՝ այդ երկրներից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպություններին, Անկարային հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ինչպես նաև չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման արգելքները:
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը հիմք է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ուժեղացնել համագործակցությունը։ Թուրքիան ավելի վաղ արգելակել էր անդամակցության գործընթացը՝ մտահոգություն հայտնելով Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ: