Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին առաջարկել է այցելել Աֆղանստան, Իրաք, Սիրիա և Լիբիա և ներողություն խնդրել ամերիկացի զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Եթե Փելոսին իսկապես հոգ է տանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, ապա նա ավելի լավ է այցելի Աֆղանստան, Իրաք, Սիրիա և Լիբիա, որտեղ նա կարող է ափսոսանք հայտնել ամերիկացի զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության համար և խոստանալ, որ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ առաջացած նման դաժանությունները չեն կրկնվի»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ Փելոսիի այցը Թայվան «լուրջ քաղաքական սադրանք» է, որը խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի դրույթները։
TASS-ը հայտնում է նաև, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է լայնածավալ ճգնաժամը կանխելու անհրաժեշտության մասին։ Հուլիսի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահը հիասթափություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարելիք այցի կապակցությամբ։
Ծինփինը նախազգուշացրել է Բայդենին նման ուղևորության հնարավոր հետևանքների մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչի մասին կարող է խոսք լինել։ Նա նշել է, որ Չինաստանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, սակայն երկու կողմերն էլ պետք է «պահպանեն խաղաղություն ու անվտանգություն»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մարտի 3-ին ժամանել էր Թայվանի վարչական մայրաքաղաք Թայբեյում, որից հետո հաղորդվել էր, որ Չինաստանի բանակը մոտ ժամանակահատվածում Թայվանի մերձակայքում գործողությունների շարք կսկսի։