Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Այդպիսով մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և կողմերի միջև հետագա էսկալացիաներից խուսափելու համար»։
Փրայսի խոսքով՝ լարվածության վերջին աճը ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը, և ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։
«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է պետդեպի խոսնակը։
Նեդ Փրայսը կրկնել է, որ պատմական հնարավորություն է տեսնում ԼՂ խնդիրը լուծելու համար:
«Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծային գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության շնորհիվ կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ երկարաժամկետ համապարփակ խաղաղությունն առաջ տանելու հարցում օգնելու նպատակով»,- ընդգծել է Փրայսը։