Իսրայելական F-16 կործանիչները հինգշաբթի հարված են հասցրել Մասյաֆա շրջանի սիրիական գիտական կենտրոնին։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 19:16-ից մինչև 19:30-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 տակտիկական չորս կործանիչներ Միջերկրական ծովի արևելյան մասից չորս թևավոր հրթիռներով և 16 կառավարվող ավիացիոն ռումբերով հարված են հասցրել Մասյաֆ քաղաքի սիրիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտներին», – հայտարարել է Եգորովը:
Նրա տվյալներով՝ Սիրիայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» և «Ս-75» համալիրներից ոչնչացրել են երկու հրթիռ և յոթ կառավարվող ավիացիոն ռումբ: Նա նաև նշել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով վնասվել են սիրիական գիտահետազոտական կենտրոնի հատուկ սարքավորումների պահեստները:
Ինչպես հաղորդում է newsru.co.il-ը Լոնդոնում տեղակայված the Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խմբի վրա հղումով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո Մասյաֆի մոտ գտնվող պաշտպանական ձեռնարկություններում պայթյունները շարունակվել են ավելի քան չորս ժամ: SOHR-ի գնահատմամբ՝ խոսքը Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ Իսրայելական բանակի՝ պատմության մեջ ամենահզոր հարվածի մասին է:
Sohr-ի աղբյուրները հայտնում են Համայից արևմուտք ընկած պայթյունների մասին՝ Ուադի Ալ Ույուն շրջանում (Մասյաֆայից արևմուտք), Ար-Ռայյուն Սուեյդի գիտահետազոտական կենտրոնի շրջանում (Մասյաֆից հարավ-արևելք), ադ Ջուլեյմայի շրջանում: Նշված շրջաններում, SOHR-ի տվյալներով, տեղակայված են եղել իրանամետ ուժերի շտաբներ, դիրքեր և պահեստներ:
Նշվում է, որ իսրայելական հարվածի հետ միաժամանակ ամերիկյան կոալիցիոն ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ ուժերին: