Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։ РИА Новости փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության սրացմանը, Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, որոնք հասնում են ընդհուպ մինչև Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը, այն երկրից, որը ՆԱՏՕ – ի դաշնակիցն է», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին հարված հասցնել, եթե վերջինս չդադարեցնի սադրանքները Միջերկրական ծովում։