Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է թուրքական Baykar անօդաչու սարքեր արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հետ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс-Украина»-ն, հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրություն են դարձրել «ուկրաինական բանակի պաշտպանունակության ուժեղացման համար» ընկերության հետ Ուկրաինայի հետագա համագործակցությանը, ինչպես նաև քննարկել են Ուկրաինայում ընկերության գործարանի կառուցման մանրամասները և ուկրաինական դետալների օգտագործմամբ նոր արտադրանքի արտադրությունը:
Նշվում է, որ Զելենսկին բարձր է գնահատել Բայրաքթարի և նրա ընկերության ներդրումը ուկրաինական զինված ուժերի «հզորության մեծացման» գործում և նրան հանձնել է «վաստակի համար» I աստիճանի շքանշանը: «Ուկրաինայում յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է Բայրաքթարը, գիտի ձեր ընկերությունը։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Էրդողանին ռուսական ագրեսիայի դեմ այս պատերազմում Թուրքիայի քաղաքացիներին աջակցելու համար», – Զելենսկու խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան նախատեսում է Baykar Makina ընկերությունից գնել Bayraktar տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ուկրաինական տարածքում կառուցել նշված տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան: