Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Չարլզ 3-րդ-ին պաշտոնապես թագավոր են հռչակել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Ավստրալական «ABC» հեռարձակող կորպորացիան հայտնել է գեներալ-նահանգապետ Դևիդ Հերլինի հայտարարության մասին: Նրա հայտարարության մեջ նշվել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահից հետո թագն ամբողջությամբ և իրավամբ անցել է նրա որդուն՝ արքայազն Չարլզին:
Նոր Զելանդիայի «RNZ» հանրային ռադիոընկերությունը տեղեկացրել է, որ Նոր Զելանդիայի թագավոր Չարլզ 3-րդի պաշտոնական հռչակումը տեղի է ունեցել երկրի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվել էր Մեծ Բրիտանիայի թագավոր:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։