ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի, Վաշինգտոնը համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք սահմանի երկայնքով հարձակումների շարունակման մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքի համար զգալի վնասի մասին։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար», – ասել է նա։ Քիրբիի խոսքով՝ «պետք է նորից հայտարարել, որ չկա այդ հակամարտության ռազմական լուծում»:
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ հետագա ցանկացած ռազմական գործողություններից։ Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին վերականգնել կապի ուղիղ ուղիները՝ դիվանագիտական և ռազմական, և կրկին հաստատել հավատարմությունը դիվանագիտական գործընթացին՝ ճգնաժամը հաղթահարելու համար», – հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Քիրբին նաև հարց է ուղղել, թե արդյոք Ադրբեջանն օգտվել է այն բանից, որ ռուսական կողմն այժմ կենտրոնացած է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման վրա: «Մեզ համար դժվար է որոշակիությամբ ասել, թե տվյալ դեպքում որն է մոտիվացիան։ Ինչպես գիտեք, այդ լարվածությունը երկար ժամանակ պահպանվում էր Խորհրդային Միության գոյության դադարեցումից հետո և 2020 թվականին վերաճեց լայնամասշտաբ պատերազմի», – պատասխանել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Դժվար է ասել, թե ինչի պատճառով է այս դեպքում ամեն ինչ բռնկվել։ Գուցե որոշ առաջնորդներ կարծում են, որ Ռուսաստանն այժմ զբաղված է։ Կրկին, կարծում եմ, մենք պետք է զգուշությամբ խոսենք այդ մասին», – հավելել Է Քիրբին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: