Եվրոպական դատարանը վերջնաժամկետ է տվել Բաքվին ու պարտավորեցրել մինչև սեպտեմբերի 22-ը տեղեկություններ տրամադրել ադրբեջանական տեսանյութերում երևացող հայ գերիների մասին։ Ստրասբուրգյան դատարանի հարցումը վերաբերում է նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նույնականացնելուց հետո և նույնիսկ առանց դրան սպասելու՝ գրասենյակը դիմումներ է ուղարկում Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ-ից պահանջելով հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ:
Կիրակոսյանը գերեվարվածների հստակ թիվ չի նշում։ «Ինչո՞ւ չեմ ասում, քանի որ տեսագրությունների որակը լավը չի կամ կան տեսագրություններ, որտեղ զինվորները կապված աչքերով են լինում։ Մենք ցանկանում ենք նույնականացումը բազմակողմանի անել»,-նշեց Կիրակոսյանը։
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բացի գերիների տվյալներից, հավաքվում են նաև վայրագությունների, խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։