Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:
Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: