ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի համատեքստում առաջնային հարցը, որ քննարկվում է, անվտանգության հարցն է, որ պետք է ծառայի հետագա հարաբերությունների խորացմանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
««Գետնի վրա» պաշտպանություն ձևակերպումը կարող է պատկերացում ստեղծել ռազմական օգնության առումով, ինչը երկարաժամկետ կտրվածքով չի բացառվում։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ սրանք բավականին երկար ժամանակ պահանջող լուծումներ են։ Մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից կամ որևէ այլ երրորդ պետությունից ռազմական օգնություն ակնկալել պետք չէ։ Առհասարակ ռազմական համագործակցությունը պետությունների միջև բավականին երկարատև գործընթաց է։ Այս պահին «գետնի վրա» ԱՄՆ-ից օգնությունը քաղաքական-դիվանագիտական գործուն օգնությունն է» ,- հայտարարեց նա։
Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ քննարկումներին, Աղաջանյանը նշեց, որ այս պահին նման հարց չկա օրակարգում։ «Պետք է որպես կանոն հասկանանք, թե ինչ արդյունք կունենանք ՀԱՊԿ-ից դուրս գալով։ Այս պահին նման քննարկումներ չկան»,-նշեց Աղաջանյանը։
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։
Իր հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»։