Պատմությունից դասեր քաղելուց հրաժարվելը կեղծավորություն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ դիմելով Հունաստանի իշխանություններին, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Երևի մոռացել են, որ 100 տարի առաջ հույներն արկածախնդրության հետևից ուղարկվել էին Անատոլիան նվաճելու։ Նրանցից ոմանք, ի վերջո, կախաղան են բարձրացվել: Բայց մենք, որպես լավ հարեւաններ, նրանց այս մասին կհիշեցնենք»,- ասել է Աքարը։
Թուրք նախարարը հունական կողմին հորդորել է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը։
«Դուրս եկեք սխալ ճանապարհից, խուսափեք սադրանքներից, որոնք կհանգեցնեն աղետի։ «Օտարի պարանով» ջրհորը մի իջեք։ Թուրքիան ևս մեկ անգամ անկեղծորեն կոչ է անում խելամիտ հույներին երկխոսության և հիմնախնդիրների խաղաղ լուծման՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ բարիդրացիական հարաբերությունների լույսի ներքո»,- ընդգծել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Անկարան պատրաստ է Էգեյան և Միջերկրական ծովերը վերածել «բարեկամության գոտու»։
«Եթե Աթենքը դադարի Անկարային որպես թշնամի ընդունել և Թուրքիան ճանաչի որպես հուսալի դաշնակից և հարևան, ապա ոչ միայն Հունաստանը, այլև ողջ տարածաշրջանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն ի վերջո կհաղթեն: Հույն ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Թուրքիան հանդես է գալիս խաղաղ և բարգավաճ ընդհանուր ապագայի օգտին»,- ասել է նա:
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսի հարցում։