Թուրքիան կմեծացնի ռազմական ներկայությունը Կիպրոսում, կղզու հյուսիս անհրաժեշտ սպառազինություններ կմատակարարվեն կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Փամուկկալեի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Նույնիսկ եթե մեր ճանապարհին կանգնի ամբողջ աշխարհը, Թուրքիան չի նահանջի իր դիրքորոշումից և կպաշտպանի շահերը Կիպրոսում, ինչպես նաև Էգեյան և Միջերկրական ծովերում», — նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն:
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը չեղարկել է Կիպրոսի հունական համայնքին զենքի մատակարարման էմբարգոն, գրում է գործակալությունը:
Նախարարը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ իր վերջին զրույցի մասին, որին նա առաջարկել է ցանկության դեպքում ֆինանսական օգնություն ցուցաբերել կիպրոսցի հույներին, «բայց զենք չմատակարարել»: Չավուշօղլուն նշել է, որ ինքը «բացեիբաց հարցրել է» Բլինկենին, թե ում դեմ է Վաշինգտոնը զինում Նիկոսիային։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Աթենքում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ֆրանսիան լիովին կաջակցի Հունաստանին և Կիպրոսին՝ իրենց ազգային ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այդ կոչ էր արել Հունաստանի իշխանություններին «դասեր քաղել պատմությունից» և «դադարեցնել սադրանքների կուրսը»: Հակառակ դեպքում Աթենքը «բարձր գին կվճարի», – հայտարարել է նա։