Մինչև 2027 թվականը Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի մատակարարումը Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Սոֆիայում IGB գազի փոխկապակցիչ կայանքի գործարկման արարողության ժամանակ։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ անցած տարի ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդն ուղղվել է Եվրոպա, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ալիևը վստահություն է հայտնել, որ շուտով Բաքուն նույնպես կդառնա դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի հուսալի մատակարար։
«Ես կցանկանայի մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ վերականգնվող էներգիայի մասին ասածը. սա նաև մեր փոխըմբռնման հուշագրի մի մասն է ռազմավարական էներգետիկ գործընկերության վերաբերյալ, որը ստորագրվել է այս տարվա հուլիսին Եվրոպական հանձնաժողովի և Ադրբեջանի միջև: Վստահ եմ, որ շուտով Ադրբեջանը կդառնա դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի հուսալի մատակարար»,- ասել է Ալիևը։