Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, մեղադրում է ընտանեկան բռնության մեջ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
Ըստ աղբյուրի՝ դատական հայցը նկարագրում է 2016 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած կոնֆլիկտի մանրամասները, որբ Փիթն ու Ջոլին վեց երեխաների հետ միասին մասնավոր ինքնաթիռով մեկնում էին Ֆրանսիայից Կալիֆորնիա:
«Փիթը սեղմել է երեխաներից մեկի կոկորդը և բռունցքով հարվածել մյուսի դեմքին, հետո թափահարել է Ջոլիին՝ բռնելով գլխից»,- ասվում է փաստաթղթում։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ինչ-որ պահի Փիթը Ջոլիի վրա գարեջուր է լցրել, իսկ երեխաների վրա՝ գարեջուր և կարմիր գինի։
Դեպքից մի քանի օր անց դերասանուհին ամուսնուց բաժանվելու հայց է ներկայացրել։ Նա իր դիմումը ներկայացրել է 2016 թվականին՝ ամուսնությունից երկու տարի անց։ 2018 թվականի դեկտեմբերին դերասանները երեխայի խնամակալության պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն բացահայտվել։
Ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին գրել է TMZ-ն՝ նշելով, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ TMZ-ը պնդում էր, որ հենց ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպն է դրդել Ջոլիին ամուսնալուծության հայց ներկայացնել։ Ինքը՝ Փիթը, հերքել է երեխաների նկատմամբ բռնության կիրառումը։