Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովին նշանակել են ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հրամանատար։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը:
«Մեր հայրենակից, Ռուսաստանի հերոս Ռուստամ Ուսմանովիչ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար՝ երկրի ռազմական կազմի ամենահզոր օկրուգներից մեկը»,-գրել է նա Telegram-ալիքում:
Դաղստանի ղեկավարը խոստովանել է, որ հպարտանում է այդ խիզախ մարդու հետ բարեկամությամբ և ճիշտ է համարում վերջինիս նշանակման մասին որոշումը:
Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը 49 տարեկան է, ծնվել է Դաղստանի Չինար գյուղում: Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատարն էր։ 2021թ. նոյեմբերին նրա միջնորդությամբ Բաքվից հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել ՀՀ Զինված ուժերի զինծառայողի մարմինը: Իսկ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 4-ին նա Բաքվից Երևան է ուղեկցել անհայտ կորած համարվող տասը զինծառայողների։
Այս տարվա փետրվարին ԵՄ-ն Մուրադովին պատժամիջոցների ցուցակում ներառել է չորս բարձրաստիճան ռուս զինվորականների թվում՝ Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու համար: