Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարարությունը։
«Այսօր ժամը 06։07 րոպեին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թաման թերակղզու կողմից պայթեցվել է բեռնատար, որի հետևանքով Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ մասամբ փլուզվել է կամրջի երթևեկելի հատվածը, զոհեր և վիրավորներ չկան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ արտակարգ դրության պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար։ Դրանում կընդգրկվեն նաև Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության և տրանսպորտի նախարարության ղեկավարները։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, նրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային հատվածով շարժվել են առաջին գնացքները։