Ֆրանսիան կոչ է անում իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը։
Նշվում է, որ ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ձերբակալության, կալանավորման դեպքում երաշխավորված չէ անձի հիմնարար իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը:
Իրանում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։