Բելառուսում ԵՄ դեսպան Դիրկ Շյուբելը հայտարարել է, որ հեռանում է այդ պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Երեք տարի պաշտոնավարելուց հետո ավարտվեցին Բելառուսում ԵՄ դեսպանի իմ պարտավորությունները։ Բելառուսի իշխանությունները որոշել են չերկարաձգել իմ հավատարմագրումը ևս մեկ տարով, ինչը շատ դժվարացնում է իմ մանդատի կատարումը։ Ես շատ եմ ափսոսում այս որոշման համար, քանի որ պատրաստ էի շարունակել աշխատել Բելառուսի հետ որպես դեսպան և նույնիսկ հույս ունեի վերադառնալ Մինսկ՝ այնտեղ անցկացնելու իմ պաշտոնավարման վերջին տարին»,- գրել է Շուբելը
Նա նշել է, որ Էվելինա Շուլցը հանդես կգա որպես Մինսկում ԵՄ պատվիրակության ղեկավար, իսկ ինքը նշանակվել է ԵՄ հատուկ բանագնաց Արևելյան գործընկերության հարցերով։
Շյուբելը հիշեցրել է, որ երբ նա ստանձնել է իր պարտականությունները 2019 թվականի սեպտեմբերին, ԵՄ-ի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները դրական միտում ունեին։ Նա նշել է, որ հիմա շատ բան է փոխվել և իրադարձությունների հետագա զարգացումը բացասաբար է ազդել ԵՄ-ի և Բելառուսի վրա։
2021 թվականի հունիսի վերջին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ պատժամիջոցների հետ կապված՝ հետ է կանչում ԵՄ-ում իր մշտական ներկայացուցչին Մինսկ՝ խորհրդակցությունների համար։ Միաժամանակ Մինսկում ԵՄ դեսպան Դիրկ Շյուբելը նույնպես հրավիրվել էր Բրյուսել՝ խորհրդակցությունների համար։ Շուբելը Բելառուսից հեռացել է նույն թվականի հունիսի 30-ին։