ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը միտումնավոր ապակայունացնում է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեդվեդևը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հիշել իր «գաղութային անցյալը»:
«Կոպիտ, այլասերված և անընդունելի, ինչպես այն անվանել է մեր երկրի նախագահը»,— գրել է Մեդվեդևը «Вконтакте» – ում։
Նրա կարծիքով՝ Էմմանուել Մակրոնի հայտարարությունն ավելի շուտ արդարացում էր՝ ի պատասխան հեռուստահաղորդավարների այն հայտարարության, թե «Ֆրանսիան Հայաստանին թողել է բախտի քմահաճույքին»։ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ խոսելով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի սիրո մասին՝ Ֆրանսիայի նախագահը կողմնորոշվել է հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վրա։
Հոկտեմբերի 14-ին Էմմանուել Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանն օգտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներից: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Մոսկվան լարվածություն է հրահրել հօգուտ Բաքվի։
Այս առիթով արտահայտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով, որ Ֆրանսիայի ղեկավարի արտահայտություններում չկա հակամարտության ընթացքի ընկալումը։ Բացի այդ, հավելել է նա, Մակրոնի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա կողմերի դիրքորոշման մասին տեղեկություն չունի։