Հույն սահմանապահները Frontex սահմանների վերահսկողության գործակալության աշխատակիցների հետ համատեղ ուրբաթ փրկել են ավելի քան 90 միգրանտների: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիան շարունակում է բացահայտ շահագործել ներգաղթյալներին, խախտել մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը։ Երեկ նրա սադրանքներն անցել են բոլոր սահմանները, երբ սահմանային պահպանության վարչության (Հունաստան) ոստիկանները Frontex-ի հետ համագործակցությամբ Էվրոս գետի ափից փրկել են ընդհանուր առմամբ 92 ապօրինի ներգաղթյալի, որոնք այնտեղ էին ուղարկվել ամբողջովին մերկ: Այդ մարդիկ, ինչպես իրենք են հայտարարել հունական ոստիկանությանը, Էվրոս են բերվել թուրքական իշխանությունների երեք ավտոմեքենաներով, այնուհետև նրանց ստիպել են նստել պլաստիկ նավակներ և ուղարկել հունական կողմը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հունաստանի իշխանությունները 2020 թվականից Թուրքիայի հետ ցամաքային սահմանին պատնեշներ են կառուցում։ 2022 թվականի օգոստոսի 23-ին Հունաստանի կառավարությունը հայտարարել է Էվրոս գետի ողջ երկարությամբ պատնեշը երկարացնելու որոշման մասին: