Հացահատիկի գործարքը կարող է մոդել լինել այլ խնդիրների լուծման համար, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է Komersant-ը:
Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ Ստամբուլում համատեղ համակարգող կենտրոնի շտաբում, որը ստեղծվել է Սեւծովյան նախաձեռնության շրջանակներում։
«Սևծովյան նախաձեռնության շնորհիվ կողմերը կարողացան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Անկարան հույս է հայտնում, որ ապագայում կատարված աշխատանքը մոդել կդառնա նաեւ այլ խնդիրների լուծման համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։ Նա հայտնել է, որ գործարքի սկզբից ի վեր Ուկրաինայի նավահանգիստները լքել են 345 նավ, որոնք դուրս են բերել ավելի քան 7,7 մլն տոննա գյուղմթերք։
Աքարն ասել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայի հակամարտության անհապաղ կարգավորումն է «խաղաղ ճանապարհով», իսկ Անկարան ցանկանում է օգնել նվազեցնել լարվածությունը:
Հացահատիկի գործարքը ստորագրվել է Ստամբուլում հուլիսի 22-ին։ Այն ենթադրում է Օդեսայի շրջանի նավահանգիստների բացում հացահատիկի արտահանման համար և պատժամիջոցների վերացում, որոնք ազդել են Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման վրա։ Մոսկվան բազմիցս քննադատել է գործարքի իրականացումը. նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնության դեմ արտահանման սահմանափակումները պահպանվում են, իսկ ուկրաինական հացահատիկն արտահանվում է ոչ աղքատ երկրներ, ինչպես խոստացել էր։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածի տակ դրեց «հացահատիկային միջանցքի» շարունակական գործունեությունը։ Նա դա բացատրել է նրանով, որ Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար պայթուցիկները առաքվել են ծովով։ Նախագահի խոսքով, հնարավոր է, որ դա արվել է՝ օգտագործելով հացահատիկի գործարքի շրջանակներում բացված նավահանգիստները։ Ներկայում բանակցություններ են ընթանում պայմանավորվածությունների երկարաձգման ուղղությամբ։