Ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը թուրք գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը՝ մտադրվելով համոզել Անկարային ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն այցելել է Անկարա և Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Կավջիօղլուի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Չորեքշաբթի օրը նշանակվել է նրա հանդիպումը Թուրքիայի Ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ։
Ամերիկյան պատվիրակության այցը Թուրքիա տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև քննարկել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը, հիշեցնում է Bloomberg-ը: