Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն օգտակար է համարել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի և նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի առաջին հանդիպումը:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել. երկխոսության պատուհանները բաց են, բայց սադրանքների դռները մնում են փակ», – վարչապետի խոսքը մեջբերում է ТАСС-ը: Միցոտակիսը դրական է համարել, որ պաշտպանության երկու նախարարների միջև առաջին շփումն է եղել՝ նշելով, որ որոշակի պայմաններում այդ շփումը կարող է շարունակվել։
Նա հայտարարել է, որ լարվածությունը տարածաշրջանում ուժեղանում է ոչ Հունաստանի մեղքով։ «Հունաստանը չէ, որ կասկածի տակ է դնում այն ստատուս քվոն, որը ձևավորվել է մեր լայն տարածաշրջանում։ Հունաստանը չի պահպանում բարիդրացիական հարաբերությունների հիմնական սկզբունքներն ու արժեքները։ Թուրքիան պետք է փոխի իր վարքագիծը, որպեսզի վերադառնա երկխոսության, ինչպես նաև մեզ խաղաղ գոյակցության հնարավորություն տա՝ ի շահ մեր ժողովուրդների», – հայտարարել է Միցոտակիսը։
Վարչապետին հարցրել են նաև, թե արդյոք Թուրքիայի կողմից նոր «Թայֆուն» բալիստիկ հրթիռի փորձարկման մտավախությունները նրա մոտ առաջացնում են։ «Ես չեմ մեկնաբանում հարևան երկրի սպառազինությունների ծրագրերը և, ակնհայտ է, նույն պահանջն ունեմ Թուրքիայի նկատմամբ. որպեսզի նա չմեկնաբանի Հունաստանի սպառազինությունների ծրագրերը։ Եվ, իհարկե, պարզ է, որ բոլոր քայլերը միշտ ուսումնասիրվում և գնահատվում են իրավասու ծառայությունների կողմից», – պատասխանել է նա։
Գործակալությունը նշում է, որ Հունաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: Պանայոտոպուլոսը Աքարին հայտարարել է Թուրքիայի կողմից Հունաստանի հասցեին վիրավորական հռետորաբանությունը շարունակելու անհնարինության և երկկողմ հարաբերություններում լարվածությունը անհապաղ թուլացնելու անհրաժեշտության մասին:
Հոկտեմբերի 14-ին Աքարը հայտնել է, որ Թուրքիայի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները մոտակա օրերին կարող են բանակցություններ վարել Էգեյան ծովի ավազանում լարվածության նվազեցման և երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ: Նույն օրը Պանայոտոպուլոսը հունական ԶԼՄ-ների դիվանագիտական թղթակիցներին հայտարարել է Թուրքիայի հետ բանակցությունների անարժեքության մասին, քանի դեռ նա սպառնում է պատերազմով իր երկրին։