Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Շեպետովկայում տեղի է ունեցել հայկական խաչքարի օծումը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Ըստ պարբերականի՝ արդեն չորս տասնյակ նման խաչքարեր Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ տեղադրվել են Ուկրաինայի բոլոր մարզերում։ Բոլոր խաչքարերը նվիրված են ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։
Շեպետովկայում հուշարձանն օծել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը և Խմելնիցկու հայկական համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Շեպետովկայի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Գլուշակովը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնի է, 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի բոլոր մարզերում տեղադրվել են մի քանի տասնյակ խաչքարեր։ 2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաև Հայաստանի բնակավայրերում։