ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակված Կանադայի քաղաքացի Դեյվիդ Դեփափն անօրինական կերպով գտնվել է ԱՄՆ-ում, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության հայտարարությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի ավարտից հետո Դեփափը կարող է արտաքսվել երկրից։
Փոլ Փելոսին վիրավորվել էր ուրբաթ օրը՝ Սան Ֆրանցիսկոյում նրանց տան վրա հարձակման հետևանքով: Նենսին այդ ժամանակ գտնվել է Վաշինգտոնում։ Հարձակվողին բերման են ենթարկել տաք հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա կանադացին մուրճով է ծեծել 82-ամյա Փոլ Փելոսիին։ Վերջինս գլխի և ձեռքի վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել են և, դատելով բժիշկների հայտարարություններից, ապաքինումը բարեհաջող է ընթանում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Փելոսին այցելել էր Հայաստան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր. «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ»։