Իլոն Մասկը, որը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես դարձել է Twitter-ի սեփականատերը՝ կնքելով 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք, շարունակում է աշխատակիցների «ջարդը»։ Նա աշխատանքից ազատել է աշխատակիցների մեծ մասին, միայն նախորդ շաբաթ՝ 3700 մարդու, ընդհանուր՝ շուրջ 7500 աշխատակցի։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գովազդատուների մեծ մասը հեռացել է, իսկ հինգշաբթի Մասկն աշխատակիցների հետ բուռն քննարկում է ունեցել։ Մասկը նախազգուշացրել է «առջևում դժվար ժամանակների» մասին և հայտարարել բոլոր աշխատակիցներին գրասենյակներ վերադառնալու մասին։
Նա նոր կանոն է մտցրել, ըստ որի Twitter-ի աշխատակիցները գրասենյակներում աշխատելու են շաբաթական նվազագույնը 40 ժամ։ Այս կանոնից բացառություններ հնարավոր են միայն հատուկ դեպքերում և կհաստատվեն անձամբ Մասկի կողմից։ Մինչ այս, Twitter-ի աշխատակիցները կարող էին աշխատել ցանկացած վայրից՝ գրասենյակից, տնից կամ նույնիսկ այլ երկրից:
Աշխատակիցներն իրավիճակը քաոսային են անվանել, թեև Մասկը հայտարարել է, որ սնանկության մասին խոսք անգամ լինել չի կարող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասկը քննարկել Է Twitter-ը վճարովի դարձնելու հնարավորությունը։ Մասկը նաև գրառմամբ հայտնել էր, որ Twitter-ը, ցավոք, օրական կորցնում է ավելի քան 4 մլն դոլար և աշխատակիցների կրճատման այլընտրանք չկա։