Երկու կողմերն էլ՝ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները, հիասթափված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Փորձագետի հետ Armenia Today-ի թղթակիցը քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները և դրանում հայկական լոբբիի գործունեության ազդեցությունը։
Հայկական լոբբիի ազդեցությունը Կոնգրեսի ընտրությունների վրա
Քաղաքագետի կարծիքով՝ ընտրությունների արդյունքներից դժգոհ են ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանրապետականները
«Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում պարտվել են, բայց հանրապետականները շատ ավելի մեծ հույսեր ունեին՝ շատ ավելի շատ ձայներ ստանալու»,-ասաց նա:
Պատճառները, Սարգսյանի խոսքով նրանում է, որ չնայած հանրապետականները մեծամասնություն են կազմել, բայց նրանց համար շատ ավելի առաջնային էր, որպեսզի նաև Սենատում հաղթեին, իսկ Սենատում այս պահի դրությամբ հաղթում են դեմոկրատները։
«Մեծ հաշվով դեմոկրատները Սենատում կարծես թե արդեն անխուսափելիորեն մեծամասնություն կվերցնեն, և սա որոշակի դժվարություններ կստեղծի դեմոկրատ նախագահի համար, ով չի կարող առաջ մղել իր օրակարգը Ներկայացուցիչների պալատում»,-ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ համենայնդեպս ընտրությունների արդյունքները սպասված էին և մեծ հաշվով որևէ նոր բան տեղի չունեցավ:
Ինչ վերաբերում է հայկական լոբբիի աշխատանքին և դրա արդյունավետությանը, ապա Սուրեն Սարգսյանն ասաց, որ այն ինչպես միշտ շատ ակտիվ և էֆեկտիվ է եղել՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում:
«Հենց նրանց աշխատանքի շնորհիվ է, որ մենք ունենք պրոհայկական տարբեր տեսակի նախաձեռնություններ, բանաձևեր, այն որ նրանք գալիս են Հայաստան, սա նույնպես մեր լոբբիստների աշխատանքի արդյունքն է: Կարծում եմ, որ բավականին լավ և էֆեկտիվ աշխատում են, չնայած որ աշխատում են առանց դեսպանության աջակցության, այսինքն՝ իրենց օրակարգով շարժվում են առաջ»,-ասաց փորձագետը:
Ընտրությունների ազդեցությունը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա
ԱՄՆ-ում հայկական լոբբին դեսպանությունից առանձին է գործում, նշեց Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան աշխատանքի մասին։
Խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան աշխատանքի մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի դեսպանության առաջնահերթությունները էապես տարբերվում են համայնքի առաջնահերթություններից: «Հայաստանի դեսպանի օրակարգը բացառապես խաղաղության դարաշրջանի բացման շուրջ է պտտվում, իսկ մեր համայնքի և լոբբիստների առաջնահերթություններն այլ են՝ Հայաստանի և Արցախի անվտանգություն, Հայաստանին և Արցախին օժանդակություն և այլն»,-ասաց նա:
Անդրադառնալով հայ-ամերկյան հարաբերություններին հեռանկարներին, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այդ հարաբերություններօի օրակարգը չի հարստացել վերջին տարիների ընթացքում: «Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների այցեր են եղել Հայաստան, բայց դրանք երկկողմ բովանդակություն չունեն, դրանց բովանդակությունը ամերկյան տարածաշրջանային շահերի շուրջ է պետք դիտարկել, այնպես որ այստեղ նոր բան չկա և համագործակցության նոր ուղղություններ և եզրեր ես չեմ տեսնում», – ասաց նա:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի արդյունքներով կորոշվի՝ կարմիր, թե՝ կապույտ գույն, որ քաղաքական ուժն է վերահսկելու Ներկայացուցիչների պալատը և Սենատը Ջո Բայդենի նախագահության հաջորդ երկու տարվա ընթացքում:
Քվեների նախնական հաշվարկի արդյունքները վկայում են, որ 435 տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են ապահովում հանրապետականները՝ այս պահին արդեն ունենալով 199 տեղ: Դեմոկրատները, որոնք անցած երկու տարիներին վերահսկում էին Կոնգրեսի երկու պալատներն էլ, նախնական տվյալներով դեռ 173 մանդատ ունեն: