ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գործող ընկերության նկատմամբ՝ ռուսական չիպերի արտադրողի հետ կապերի պատճառով։
Ինչպես հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում, նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «ՊԿԿ Միլանդր» ԲԸ-ի դեմ, որը «ինտեգրալ միկրոսխեմաների ռուս մշակող և արտադրող է, որը մասնագիտացած է միկրոէլեկտրոնիկայի արտադրատեսակների արտադրության մեջ» և «Մոսկվայի ռազմական հետազոտությունների և մշակումների կառուցվածքի մաս է և մասնակցել է սպառազինությունների ռուսական ցուցահանդեսներին»:
Ըստ հաղորդագրության՝ զուգահեռաբար ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցների ցուցակում է ներառել Հայաստանում տեղակայված Milur Electronics LLC ընկերությունը, որը, ինչպես պնդում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, «Միլանդրը» օգտագործել է որպես «արտասահմանյան գործընկերների հետ բիզնես վարելու համար» կեղծ ընկերություն: Բացի այդ, ռուսական արտադրողի հետ կապերի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև թայվանական Sharp Edge Engineering Inc ընկերությունը և Շվեյցարական Milur SA-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում տեղակայված ընկերությունը ստեղծվել է «արտասահմանյան գործարաններում պատվերներ տեղադրելու, ինտեգրված միկրոչիպեր արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով»:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, հաղորդվել էր, որ ռուսական ընկերության հետ կապերի համար ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Հայաստանում տեղակայված TACO LLC ընկերությունը։