Ֆրանսիայի դեսպանատան մոտ այսօր ակցիա են իրականացնում արցախցիները՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելիք բանաձևի, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Բանաձևով կոչ է արվելու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան ագրեսիայի համար:
«Մենք ձեռնարկել էինք ստորագրահավաք, որը նամակի հետ կփոխանցենք Ֆրանսիայի դեսպանատանը: Մեր այսօրվա հավաքն աջակցություն է Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելիք նախագծին: Նամակի մեջ գրել ենք, որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի սենատի քննարկումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնման շուրջ գործընթացներ պետք է լինեն: Նամակը հանձնելով դեսպանատան աշխատակցին՝ Լևոն Հայրիյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիան հավատարիմ կլինի դեմոկրատական իր աժեքներին և չի դառնա ահաբեկչական երկրի նավթի պաշարների գերին:
Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնեց, որ նամակն անմիջապես կհանձնեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սեպտեմբերի 14-ի և հոկտեմբերի 3-ի գրությունների, ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպայի, միջազգային և պաշտպանության հարցերի մշտական ժողովի նախագահ Անն Ժենետեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի անվտանգության: Նա հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերին կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին նոր բանաձևը:
Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին նոր բանաձևը և կպահանջի նրան անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքից, ապահովել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատելու ցանկացած նախաձեռնության առաջխաղացումը: