Լեհաստանը միջազգային փորձագետների է հրավիրել՝ հետաքննելու իր տարածքում հրթիռների անկումը, լրագրողներին ասել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք աշխատում ենք տեղի ունեցածի բոլոր պատճառները պարզելու ուղղությամբ՝ միջազգային փորձագետների հետ, որոնց հրավիրել ենք մեր միանալու փորձագետների և հետաքննողների մեր խմբին», – ասել է Մորավիեցկին։
Հիշեցնենք, որ երեկ տարածված տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի տարածքին հարվածներից հետո Լեհաստանի տարածք երկու ռուսական հրթիռ է ընկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ Պշևոդովում պայթյուններ են եղել, սակայն գերատեսչությունում ընդգծել են, որ կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ:
Associated Press-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հաստատում է, որ Լեհաստանի տարածքում հրթիռների անկման հետևանքով երկու մարդ է զոհվել: Միևնույն ժամանակ, Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարող հաստատել հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական երկու հրթիռները ընկել են Լեհաստանի տարածքում:
Պշևոդովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 8 կմ հեռավորության վրա։