Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնում (ԱՄՆ) արձակման համալիր 39B-ից առաջին անգամ արձակվել է «Տիեզերական արձակման համակարգ» (SLS) գերծանր հրթիռը, որը պետք է «Օրիոն» տիեզերանավը հասցնի լուսնային ուղեծիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Միջոցառումն ուղիղ հեռարձակվում է NASA-ի կողմից YouTube-յան ալիքով:
Արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01:47-ին Արտեմիս I առաքելության շրջանակներում, ըստ որի «Օրիոնը» տիեզերքում կլինի ավելի քան 25 օր։ Տիեզերանավի պարկուճը Երկիր պետք է վերադառնա դեկտեմբերի 11-ին։ Արտեմիս I-ի շրջանակներում նախատեսվում է փորձարկել «Օրիոնի» հիմնական համակարգերի աշխատանքը լուսնային ուղեծրում։
Նոյեմբերին NASA-ն հայտարարել էր Արտեմիս I առաքելության հետաձգման մասին՝ Ֆլորիդայում փոթորկի պատճառով։ NASA-ի գլխավոր աուդիտոր Փոլ Մարտինը մայիսին հայարարել էր, որ ԱՄՆ-ի Արտեմիս լուսնային ծրագրի արժեքը մինչև 2025 թվականը կգերազանցի 93 միլիարդ դոլարը: