Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին խորհուրդ է տվել «չկատակել» Անկարայի հետ։ Այս մասին նա հայտարարել է G-20-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրք առաջնորդն ասել է, որ Հունաստանի պահվածքը Էգեյան ծովի իր կղզիներում զենք տեղակայելու հարցում լարվածություն է առաջացնում։
«Մենք կարող ենք հանկարծակիի գալ մի գիշեր։ Հունաստանում կան պաշտոնյաներ, որոնք չգիտեն իրենց հնարավորությունների սահմանները։ Մենք ասում ենք՝ իմացեք ձեր հարևան երկրի դիվանագիտությունը․ Թուրքիայի հետ մի կատակեք. Նրանք կարող են կղզիները լցնել ցանկացած քանակությամբ զենքով։ Դրանից ոչ մեկին լավ չի լինի: Հունաստանը պետք է իմանա իր տեղը։ Նրանք պետք է հիշեն պատմությունը»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Հունաստանին մեղադրել էր Արեւելյան Միջերկրական ծովում «սադրանքների» մեջ եւ սպառնացել նոր զինտեխնիկայով։