Թուրքիայի և Սիրիայի սահմանային անցակետի վրա հարձակում է եղել, ինչի հետեւանքով առնվազն մեկ թուրք զինծառայող և երկու թուրք ոստիկան վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին՝ TASS-ը հայտնում է, որ Քիլիս քաղաքում «Օնջուպինար» անցակետը հրթիռակոծության է ենթարկվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 20-ի գիշերը Սիրիայում նոր օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցրել չորս շրջանների, իսկ Իրաքում մեկ հարված է հասցվել:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական կազմավորումների շտաբները, թաքստոցները, պահեստներն ու բազաները: Աքարը նաև հայտարարել է գործողության հաջող ավարտի մասին։ Հեռուստաալիքը, հղում անելով Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրներին, հայտնել է, որ գործողության մեջ ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հրետանու ստորաբաժանումներ: Աղբյուրները չեն բացառում օդային գործողությունից հետո անդրսահմանային գործողության ցամաքային մասի իրականացումը:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և »Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 81-ը։