Անկարան կարող է չսահմանափակվել միայն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դիրքերին ավիահարվածներով, այլ նրանց դեմ ցամաքային գործողություն սկսելով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ոչ մի երաշխիք չի կարող լինել, որ այս գործողությունը կլինի բացառապես օդային»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Interfax-ը։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին չի տեղեկացնում Սիրիայում և Իրաքում թիրախներին ռազմական հարվածներ հասցնելու իր ծրագրերի մասին, և Անկարան ապագայում կշարունակի հետևել այս մոտեցմանը։
Նա ընդգծել է, որ «Թուրքիան ինքն է որոշում, թե ինչ քայլեր ձեռնարկի»։ «Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի նոր կարևոր քայլերին»,- ասել է Էրդողանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները նոյեմբերի 21-ին վերսկսել են հարձակումները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քրդական կազմավորումների դիրքերի վրա։ Գործակալությունը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, նշում է, որ ավիահարվածներ է հասցվում Քոբանիի շրջանում՝ ի պատասխան Թուրքիայի Օնջուպինար եւ Քարքամիշ քաղաքների հրթիռակոծման։
Նշվում է, որ սահմանային Օնջուպինարը նոյեմբերի 20-ին գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով վիրավորվել են Թուրքիայի անվտանգության երեք աշխատակիցներ։ Նոյեմբերի 21-ին առնվազն հինգ հրթիռ է պայթել Կարկամիշ քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերն օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի թիրախներին։ Հարվածների թիրախ են դարձել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա սիրիական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հենակետերը։