Դոնի Ռոստովի Օկտյաբրսկիի շրջանային դատարանը տեղի բանտային հիվանդանոցի բժիշկ Լուսինե Գրիգորյանին, որի գործողությունների պատճառով դատապարտյալը մահացել է, դատապարտել է ազատազրկման, սակայն քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու պատճառով նրան ազատել է պատժից, լրագրողներին հայտնել է Ռոստովի մարզի դատարանների միասնական մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Փոխանցում է РИА Новости-ն։
Տուժող կողմի փաստաբան Ալեքսեյ Ավանեսյանը հայտնել էր, որ Գրիգորյանը մեղադրվում էր «Կրասնոդարի մարդակերների» գործով դատապարտված Դմիտրի Բակշեևի մահվան գործով։ Բակշեևը մահացել էր Դոնի Ռոստովի բանտային հիվանդանոցում՝ 2020 թվականի փետրվարի 16-ին, որտեղ նա բուժվում էր տուբերկուլյոզի և շաքարախտի դեմ։
Փաստաբանի խոսքով՝ քննչական ստուգումը պարզել է, որ Գրիգորյանը «Բակշեևին օպտիմալ ինսուլինային թերապիա չի տրամադրել»։ Քրեական գործը հարուցվել էր ՌԴ քրեական օրենսգրքի «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։
«Օկտյաբրսկի շրջանային դատարանի դատավճռով Գրիգորյան Լուսինեն մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ և դատապարտվել ազատության սահմանափակման՝ 2 տարի ժամկետով։ Բացի այդ, նա 2 տարով զրկվել է բժշկական գործունեություն ծավալելուց։ Գրիգորյանն ազատվել է հիմնական և լրացուցիչ պատժի կրումից՝ Քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասի հատկանիշներով՝ ՌԴ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու պատճառով»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
Հավելենք, որ 2019 թվականին Կրասնոդարի դատարանը Բակշեևին դատապարտել է 12 տարի 2 ամիս ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ իր կնոջ հետ միասին մեկ այլ կնոջ սպանելու և նրա մարմինը մասնատելու համար։ Դատարանը Բակշեևի կնոջը՝ Նատալյային, դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ ամուսնուն սպանության դրդելու համար։ Ամուսինները նաև մասնատված մարմնի հետ սելֆի էին արել։