Ադրբեջանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում գազով ապահովել Տրանսբալկանյան խողովակաշարը, եթե Թուրքիայի հետ տարանցիկ համաձայնագիր ստորագրվի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Բաքվում «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր հնարավորություն կա, առանց ժամանակ կորցնելու, գործարկել Տրանսբալկանյան խողովակաշարը, հատկապես հաշվի առնելով անցյալ ամիս Հունաստանի և Բուլղարիայի միջև փոխկապակցման բացումը։ Մենք պատրաստ ենք։ Այս խողովակաշարի թողունակությունը կազմում է 3 մլրդ խմ: Այսպիսով, մենք պատրաստ ենք, հնարավոր է, մեկ ամսվա ընթացքում ապահովել անհրաժեշտ ծավալների մատակարարումը: Բայց դրա համար մենք պետք է տարանցիկ համաձայնագիր ունենանք Թուրքիայի հետ«, – Շաբաթ օրը նրա խոսքերն է մեջբերում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևի խոսքով՝ Թուրքիայի հետ տարանցման համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Դրանք ավելի շատ ժամանակ են պահանջում, քան մենք սպասում էինք։ Հուսով ենք, որ մենք կհասնենք այդ համաձայնությանը, քանի որ եթե ինչ-ինչ պատճառներով չհասնենք դրան, ապա մեր բոլոր ծրագրերը, որոնք կապված են Թուրքիա և Եվրոպա գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու հետ, սպառնալիքի տակ կհայտնվեն«, – հավելել Է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը նշել է Թուրքիայի հետ տարանցիկ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ եվրոպական շուկա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալն ավելացնելու համար։ «Արդեն այսօր մենք տեսնում ենք Տրանսադրիատիկ խողովակաշարի հզորությունը կրկնապատկելու անհրաժեշտություն՝ 10 մլրդ խմ – ից մինչև 20 մլրդ խմ: Դրա համար, իհարկե, կպահանջվի համախմբված դիրք և բոլոր բաժնեմասատերերի ներդրումները: Այդ նպատակով մենք պետք է կառուցենք», – ասել է նա: TAP-ում Ադրբեջանն ընդամենը 20 տոկոս բաժնեմաս ունի։ Հետևաբար, հուսով ենք, որ մենք գործընկերների հետ կհասնենք դրան, ինչպես նաև TANAP-ի (Տրանսանատոլիական խողովակաշար) ընդլայնումը 16 միլիարդ խորանարդ մետրից մինչև 32 միլիարդ խորանարդ մետր», – արձանագրել է Ալիևը։ Նա նշել է, որ առանց նման պայմանավորվածությունների անհնար կլինի ապահովել եվրոպական, ինչպես նաև թուրք սպառողների աճող պահանջները։
Տրանսբալկանյան գազատար-անցնում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով: Նախկինում այն օգտագործվել է Բալկաններին ռուսական գազ մատակարարելու համար։