Արգենտինացի լրագրող Դոմինիկ Մեցգերին թալանել են Քաթարում ԱԱ-2022-ի ուղիղ եթերում ռեպորտաժի ժամանակ. նրանից գումար ու փաստաթղթեր են գողացել, փոխանցում է Daily Mail-ը։ Տեղի ոստիկանությունում աղջկան խոստացել են գտնել հանցագործին և առաջարկել են ընտրել նրա պատիժը՝ 5 տարվա ազատազրկում կամ արտաքսում։
Մեցգերը ռեպորտաժ էր վարում Դոհայի Կորնիշ շրջանից՝ Քաթարի և Էկվադորի միջև ԱԱ-2022-ի բացման խաղից առաջ։ Նա կարծում է, որ այդ ժամանակ իր պայուսակից հանել են փողերով ու փաստաթղթերով լի դրամապանակը։
«Ես պարում էի ամբոխի հետ և համոզված եմ, որ հենց այդ պահին ինչ-որ մեկը բացեց պայուսակի կայծակաճարմանդը և վերցրեց դրամապանակս։ Այն ժամանակ ես դա չհասկացա, քանի որ ուղիղ եթեր կար, շուրջը երաժշտություն էր հնչում, և մարդկանց բազմություն կար։ Այնպես որ, ուշադրություն չդարձրեցի», — դեպքից հետո պատմել է լրագրողը TN հեռուստաալիքի հաղորդավարին։
Չնայած կողոպուտի պահը ֆիքսվել է տեսախցիկով, կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը պարում ամբոխի մեջ՝ ուսից կախված պայուսակով։ Մեցգերի խոսքով՝ նա հայտնաբերել է դրամապանակի կորուստը ռեպորտաժից հետո, երբ ցանկացել է մեկ շիշ ջուր գնել։
Ավելի ուշ արգենտինացի լրագրողը դիմել է ոստիկանություն և շատ զարմացել իրավապահ մարմինների արձագանքից։ Նրան խոստացել են պարզել կասկածյալի ինքնությունը և առաջարկել են պատիժ ընտրել հանցագործի համար։
«Մենք կգտնենք դրամապանակը։ Մենք ամենուր ունենք բարձր տեխնոլոգիական տեսախցիկներ, և դեմքի ճանաչման միջոցով գող կգտնենք: Ինչ պատիժ եք ուզում նրա համար»- հիշում է Մեցգերը կին ոստիկանի խոսքերը, որն ընդունել էր նրա դիմումը։ Իրավապահ ծառայության աշխատակիցը հստակեցրել է, որ նրան կարող են 5 տարով բանտ նստեցնել կամ երկրից արտաքսել։
Լրագրողի խոսքով՝ ինքը պարզապես ցանկացել է վերադարձնել իր իրերը, այլ ոչ թե ինչ-որ մեկին դատավճիռը կայացնել, ուստի հրաժարվել է պատժի ընտրությունից, գրում է Daily Mail-ը։