Իտալական Իսկիա կղզում շաբաթ օրը տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով SkyTg24 լրատվական հեռուստաալիքին:
Փրկարարները դուրս են բերել ևս երկու զոհվածների մարմիններ: Ավելի վաղ որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել էին 8 զոհերի մարմիններ, որոնց թվում նաև կրծքով կերակրվող երեխա, հնգամյա աղջիկ, 11-ամյա տղա, ինչպես նաև 15-ամյա դեռահաս կար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Իսկիա կղզում, որտեղ երեկ հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել: Ինչպես նշվել է Իտալիայի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, նախարարների խորհրդի արտակարգ նիստում 2 մլն եվրո է հատկացվել արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու համար: