Իսրայելի պաշտպանության բանակի «Գիվատի» բրիգադի զինվորներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հայ արքեպիսկոպոսի և ուխտավորների նկատմամբ։ Մասնավորապես, ամսվա սկզբին Երուսաղեմի Հին քաղաքում տեղի ունեցած երթի ժամանակ նրանք թքել են հայ արքեպիսկոպոսի և այլ ուխտավորների ուղղությամբ, հայտնում է Times of Israel-ը։
Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները զինվորներից երկուսին բերման են ենթարկել, հարցաքննվել են երեք զինվորական։ Նրանք կարգապահական տույժի կենթարկվեն «անհարգալից պահվածքի» համար, սակայն մեղադրանքի բնույթը չի նշվում։
Եկեղեցու պատասխանատուները հայտնել են, որ նոյեմբերի 7-ին Սաբան արքեպիսկոպոս Խարիբյանը, այլ բարձրաստիճան հոգևորականների հետ միասին, առաջնորդել է երթը, որին մասնակցել են արտերկրից ժամանած ուխտավորներ՝ նշելու Սուրբ Խաչի տոնը: Երբ երթը հասել է շուկայի հրապարակ, «Գիվատի» բրիգադի զինվորները մոտեցել են երթի մասնակիցներին և թքել են հոգևորականների ուղղությամբ։
Երթին ուղեկցող ոստիկանները բերման են ենթարկել միջադեպի մասնակից զինվորներին։ Նրանցից մեկը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ թքել է գետնին, ոչ թե հոգևորականների ուղղությամբ, ուստի ազատ է արձակվել։
Ոստիկանները հարցաքննել են նաև հոգևորականներին, նրանք ցուցմունք են տվել զինվորականների դեմ՝ ասելով, որ նրանք թքել են նաև երթի մասնակիցների կրած խաչի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը մեկնաբանել է միջադեպը՝ նշելով, որ զինվորների պահվածքը չի համապատասխանում Իսրայելի պաշտպանության բանակի արժեքներին, և հետաքննությունը կշարունակվի։